Քիչ հավանական է, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում համաձանության կհասնեն, եւ տարածաշրջանում պատերազմի սպառնալիք է առկա: Այս մասին Reuters-ին ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով Փարիզում մասնակցել է հայազգի ներդրողների հետ հանդիպմանը:
«Եթե մեզ հաջողվի այս տարին խաղաղ ավարտել, ապա այն կառուցողական կլինի, սակայն ես լավատեսորեն տրամադրված չեմ հակամարտութան կարգավորման առումով այս տարի»,-ասել է վարչապետը:
Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը հաճախ է սպառնում ետ վերադարձնել տարածքները, թեեւ հանդես է գալիս դիվանագիտական կարգավորման օգտին: Նաեւ նշվում է, որ Հայաստանը անվտանգության համաձայնագիր ունի Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը` Թուրքիայի հետ:
«Ոչ Ղարաբաղը, ոչ Ադրբեջանը պատերազմից չեն շահի, քանի որ, կարծում եմ, կողմերից եւ ոչ մեկը չի հասնի լիակատար հաղթանկի, սակայն չի կարելի բացառել պատերազմը», -նշում է Ա. Հարությունյանը:
Գործակալությունը նշում է, որ թեեւ վարչապետն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղն առաջինը չի հարվածի, սակայն նրա վարչակազմը, ինչպես եւ Ադրբեջանը, մշտապես մեծացնում է զենքի մատակարարման ծավալները ` սեփական պաշտպանությունն ապահովելու համար:
Գործակալությունը հաղորդում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացիկ բանակցությունների մասին, որոնք մինչ օրս արդյունք չեն տվել եւ հույս է հայտնում, որ Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրությունը նոր ազդակ կարող է հաղորդել լուծումների որոնմանը: Գործակալությունը նշում է, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին մեղադրել է «հսկա քանակությամբ» զենք կուտակելու մեջ, մինչդեռ Հայաստանը փորձում է հարցը կարգավորել բանակցությունների միջոցով:
Արայիկ Հարությունյանը, ով 1991–1994թթ. մասնակցել է պատերազմին, նշում է, որ հասարակական կարծիքը ինչպես Հայաստնում, այնպես էլ Ադրբեջանում փոխզիջման պատրաստ չէ, ինչն առաջնորդների համար դժվարացնում է կարգավորման որեւէ տարբերակ ընդունելու հնարավորությունը:




























