Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը այս կիրակի՝ մարտի 31-ին, երբ հայ ժողովուրդը նշում է Սուրբ Զատիկը:: Այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում նա հայտարարել է, որ Քրիստոսի կիրակի, ժամը 10-ին ինքը կդադարեցնի ծոմը, կայցելի եկեղեցի եւ այդ օրը կանցկացնի ընտանիքի անդամների հետ:
Միաժամանակ նա վստահեցրել է, որ շատ շուտով ինքը կվերադառնա Ազատության հրապարակ, որտեղ բազմաթիվ հանդիպումներ կունենա իր կողմանկիցների ու ժողովրդի հետ:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հացադուլ էր հայտարարել մարտի 10-ին: Նա հայտարարել էր, որ այդկերպ բողոքում է փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կեղծելու դեմ եւ վստահեցրել էր, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրա:
Սակայն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ոչ միայն «պատրաստ է մեռնել երկրի համար, այլեւ ապրել ու պայքարել»:
Հաշվի առնելով, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ այսօր Քրիստոսի խաչելության օրն է, Հովհաննիսյանը մեկ րոպե լռություն է հայտարարել:




























