Շիրակի մարզում 23-ամյա Նորայր Հայրապետյանն ընկերների հետ Գյումրի քաղաքի Վ. Սարգսյանի փողոցում, մանկավարժական քոլեջի դիմացի հատվածից ամուսնության նպատակով առեւանգել են Է. Շ.-ին: Ոստիկանները նկատելով դա, հետեւել են նրանց եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին, սակայն վերջում կողմերը հաշվել են:
Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես հանցավոր համաձայնության գալով Գեւորգ Հակոբյանի, Մնացական Հայրապետյանի, Իշխան Հակոբյանի հետ, բռնի ուժով փորձել են առեւանգել Է. Շ.-ին, սակայն ոստիկանության աշխատակիցները տեսնելով առեւանգումը հետապնդել են նրանց եւ բերման ենթարկել ոստիկանություն:
Նորայրը կալանավորվել էր, իսկ մյուսները 500 հազար դրամ գրավով ազատ էին արձակվել: Քննելով գործը դատարանը պարզել է, որ նախնական համաձայնության գալով վերջիններս գնացել են Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոց՝ մանկավարժական քոլեջի դիմացի հատված: Ն. Հայրապետյանը, Գ. Հակոբյանը եւ Մ. Հայրապետյանը իջել են ավտոմեքենայից եւ ֆիզիկական բռնություն գործադրելով Է. Շ.-ին բռնի ուժով նստեցրել են Ի. Հակոբյանի վարած ավտոմեքենան եւ շարժվել: Նշված փողոցով անցնող ոստիկանության աշխատակիցներ Հակոբ Աղաբեկյանը եւ Միշա Բիշարյանը տեսնելով Է. Շ.-ի առեւանգումը, հետապնդել են նրանց, որոշ ճանապարհ անցնելուց հետո կանգնեցրել են Ի. Հակոբյանի վարած ավտոմեքենան եւ բերման ենթարկել ոստիկանություն:
Տուժող Է. Շ.-ն արագացված դատաքննություն կիրառելու կարգի դեմ չի առարկել եւ հայտնել, որ որեւէ բողոք պահանջ չունի: Քննելով գործը դատարանը վճռել է Նորայր Հայրապետյանին հանցավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդու առեւանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), նախատեսված հանցագործության կատարման մեջ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 8 ամիս 16 օր ժամկետով եւ ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Մյուսներին էլ դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 11 ամիս 27 օր ժամկետով եւ ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ Իշխան Հակոբյանի, Մնացական Հայրապետյանի, Գեւորգ Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը սահմանել է փորձաշրջանով:
Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կողմերը հաշտվել են եւ ներկայումս ամեն ինչ լավ է:


























