Նախկինում դատված 25-ամյա Անուշավան Մաճկալյանը մեղադրվում է այն բանում, որ, գտնվելով փորձաշրջանի մեջ, Տաուշի մարզում բռնաբարել է 13-ամյա աղջնակին: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Անուշավան Մաճկալյանը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի Միստրեստ կոչվող հանդամասում, օգտագործելով նույն գյուղի 13-ամյա անչափահասի անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: 

Քրեական գործ է հարուցվել 138 հոդվածի 3-րդ մասով (բռնաբարություն, որը  կատարվել է անչափահասի նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է 4-10 տարվա ազատազրկմամբ:

Անուշավանը նախկինում դատված  է եղել 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով): Նա լինելով պայմանագրային զինծառայող, ՊՆ N զորամասում շարքային Ռ. Շամբարյանի կամքին հակառակ պարտադրել է գնալ ճամբարային հավաքների վայր` անհարկի վիճաբանության է բռնվել ապտակել ու ոտքերով հարվածներ հասցրել նրան, պատճառելով թեթեւ վնասվածքներ: Դատարանը Անուշավան Մաճկալյանին մեղավոր ճանաչել եւ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը  նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամանակով եւ այդ ընթացքում էլ վերջինս կատարել է այդ արարքը:

Բռնաբարության գործով խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի հերթական դատական քննության օրը: