Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` մարտի 29-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Մայր թատրոնի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: (ֆոտոռեպորտաժ)

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին, Երեւանում, հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժիսոր` Լեւոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն։ Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատրոնից, հետագայում խումբը համալրվում է նոր դերասաններով։

Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լեւոն Քալանթարը։

1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ եւ արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը եւ կոնֆերանսը անցկացվի Երեւանում։

1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը: