Առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօր կայացած նիստում օրակարգային հարցերի քննարկումից առաջ Դերենիկ Դումանյանը ներկայացրել է կոլեգիայի նոր անդամ, սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանին։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են որ կոլեգիան քննարկել է հոգեբուժական ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրներն ու հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման հայեցակարգը։
Ներկայացնելով այս ծառայության կառուցվածքն ու հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը շեշտել է, որ հոգեբուժական բժշկական օգնությունը եւ սպասարկումը մեր երկրում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։ Բանախոսն անդրադարձել է վերջին 2 տարվա ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքներին, ներկայացրեց խնդիրներն ու անելիքները:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման ռազմավարությունը, դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ու ակնկալվող արդյունքները: Նշվել է, որ հայեցակարգի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, հոգեբուժական եւ հոգեբանական ծառայությունների, բարձրագույն կրթական համակարգի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության փորձագետ Ժոլթ Բուգարզկին:
Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն ու հրավիրվածներն ընդգծել են խնդրի արդիականությունը: Կարեւորվել է, որ հարցին համակողմանի մոտեցում է ցուցաբերվել եւ ռազմավարության մեջ ընդգրկվել են տարբեր ոլորտների մասնագիտական տեսակետները:
Նախարար Դումանյանը հավանության է արժանացրել խնամքի գործառույթներն ընտանիքի կամ հարազատների վրա դնելու գաղափարը` ընդգծելով այդ հիվանդների համար ընտանեկան մթնոլորտի կարեւորությունը: Միաժամանակ առաջարկել է մշակել հստակ չափորոշիչներ, որոնցով կտարանջատվեն խնամքի կարիք ունեցողները:
Կոլեգիայի նիաստւմ քննարկվել են նաեւ ոլորտը բժշկական կադրերով ապահովելու, նրանց վերապատրաստելու, ինչպես նաեւ կլինիկական հոգեբաններ պատրաստելու եւ այլ հարցեր:
«Այս քննարկումները վկայում են, որ հոգեբուժական ծառայության բարելավման ռազմավարության մշակումը, իրոք, կարեւոր եւ արդիական է: Լուրջ անելիքներ ունենք նյութատեխնիկական, շենքային, կադրային, ֆինանսական եւ այլ ուղղություններով: Դժվար ու պատասխանատու այս ոլորտում բժիշկները, միջին բուժանձնակազմը եւ մայրապետները բավական ցածր աշխատավարձ են ստանում, որը պարտադրում է մտածելու ֆինանսական մեխանիզմները փոխելու մասին: Օպտիմալացման խնդիր եւս ունենք: Պետք է վերանայել հոգեբուժության կառավարման ներկայիս համակարգը: Աշխատանքներ ենք տանում, որ դեղերի գնումների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին 100 տոկոսի մոտեցնենք հոգեմետ դեղերի տրամադրումը: Լուրջ անելիքներ կան դատահոգեբուժական փորձաքննությունների ասպարեզում», -ամփոփելով նիստը ասել է Դերենիկ Դումանյանը:
Նախարարը հանձնարարել է, որ կոլեգիայի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն առաջարկներ ներկայացնեն քննարկված հարցի առթիվ:

























