ԱԺ-ում որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնական աշխատող վանաձորցի Նարեկ Վանեսյանը հավակնում է դառնալ Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի կամ էլ նույն քաղաքի ծննդատան տնօրեն:

Aravot.am-ի  աղբյուրների հաղորդմամբ, նա իր թեկնածությունն է առաջադրել երկու առողջապահական հիմնարկների գործադիր տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին: Հարցին, թե բժշկական համալսարանը վերջերս`2010 թվականին ավարտած երիտասարդը ունի ՞ արդյոք բուժհիմնարկի զարգացման ծրագիր ու նաեւ կառավարման փորձ, որպեսզի կարողանա ղեկավարել 500 հոգանոց բարդ, տարբեր հիվանդանոցներից հավաքված կոլեկտիվը, արդյոք նրա փաստաթղթերը բավարարո՞ւմ են օրենքի այդ պահանջը, համաձայն որի թեկնածուն պարտադիր պիտի ունենա 2 տարվա կառավարման կամ 3 տարվա ձեռնարկատիրական փորձ, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը պատասխանեց, որ ըստ օրենքի, արգելված է հրապարակել մրցույթին մասնակցողների անունները, հետեւաբար եւ չի կարող պատասխանել հարցերին:

Նշենք, որ Գյումրու նորաբաց առողջապահական կենտրոնի տնօրենի համար իր թեկնածությունն է առաջադրել նաեւ այդ հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Իսահակյանը, որը հայտնի է կառավարման հետաքրքիր մեթոդներով ու մեծ փորձով: Նա մինչեւ այդ ղեկավարում էր Գյումրու ծննդատունը: Այժմ մրցույթ է հայտարարված նաեւ Գյումրու ծննդատան գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Այստեղ, կայքի տեղեկություններով, 6 հոգի հավակնում են այդ պաշտոնին: Նրանցից 3-ը հենց ծննդատան աշխատակիցներ են, որոնց թվում է նախկին տնօրեններից մեկը` Վարդան Սարգսյանը, ով եւս ուզում է վերականգնվել իր հին պաշտոնում: Թեկնածու կա Արթիկից, սակայն գյումրեցի բուժաշխատողներին ոչ այդքան զարմացնում է տեղի թեկնածուների տնօրենների պաշտոնին հավակնելը, որքան դրսի, առավել եւս Ծառուկյանի երիտասարդ օգնականի:

Նրա Գյումրի տեղափոխվելու ցանկությունը իրոք հարցեր է առաջացնում գյումրեցիների մոտ, ինչո՞ւ է ուզում պաշտոնավարել մի քաղաքում, որտեղ դրսից եկած կադրերին դժվարությամբ են ընդունում, ինչո՞ւ է երիտասարդը որոշել լքել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ո՞վ կա նրա թիկունքին: Այս հարցերը մենք փորձեցինք ճշտել Նարեկ Վանեսյանից, որի հեռախոսահամարը սակայն անհասնելի էր, իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Այդուհանդերձ, պատրաստ ենք լսել Նարեկ Վանեսյանին, որը, կարծում ենք, կպատասխանի գյումրեցի բուժաշխատողներին հուզող հարցերին: