Հայաստանում իրականացվում է  տափաստանային բազեի բազմացման խթանմանն ուղղված ծրագիր:  Բազեների այդ տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:  Այդ մասին մարտի 30-ին կայացած ասուլիսում ասաց «Հայաստանի թռչունների պահպանության միության» էկոլոգիական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ծրագրի շրջանակում արհեստական բներ կտեղադրվեն:

«Մենք մոնիտորինգ անցկացրեցինք, որի օգնությամբ պարզվեց, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ չկան տափաստանային բազեի բնավորման համար: Հենց այդ պատճառով նախաձեռնվեց արհեստական բների տեղադրումը, որից հետո դրական արդյունք նկատվեց»,- նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դա նպաստեց տափաստանային բազեի բազմացմանը: Սակայն տեսակի թվաքանակը տատանվում է, ուստի շարունակվում են ուսումնասիրություններն այն ուղղությամբ, թե ինչու բազեն չի կարողանում կայունացնել իր զարգացումը Հայաստանում:

Նա նաեւ ավելացրեց, որ «գունավոր շրջապտույտ է» իրականացվել: «Դրա միջոցով պարզվել է, որ 100-ից միայն 5 թռչուն է  վերադարձել Հայաստան վերջին  3 տարվա ընթացքում»,-նշեց Ծովինար Հովհաննիսյանը: