Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքի վրա մինչեւ տարեվերջ պետք է կառուցվի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ այդ կենտրոնի հիմնման հնարավորությունները։ Ներկաները հնարավորություն ունեցան իջնել նույն տարածքում գտնվող ստորգետնյա կառավարման կետ, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակների համար։ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց կենտրոնի ստեղծումը՝ նշելով. «Այս տարածքում կկառուցվի հայ-ռուսական հզոր ենթակառուցվածք արտակարգ իրավիճակների ոլորտում: Այն կունենա տարածաշրջանային նշանակության։ Արդեն իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների տարեկան պլանի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերը մշակված են, ստորագրված է համապատասխան փաստաթուղթ ՀՀ եւ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջեւ: Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելումը եւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված հնարավորությունների եւ մեխանիզմների զարգացումը։ Մենք կարծում ենք, որ այս կենտրոնի ստեղծմամբ, Հայաստանն, իսկապես, փրկարար օգնություն արտահանող երկիր կդառնա»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով շուտով ՀՀ ԱԻՆ-ին կհատկացվի նաեւ Ստեփանավանի օդանավակայանը: Այդ ենթակառուցվածքը ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:
Արմեն Երիցյանի խոսքով հայ-ռուսական կենտրոնը լինելու է տարածաշրջանում եզակին: Այն վերազինվելու է ժամանակակից տեխնիկայով: Նախատեսված է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսել կենտրոնի աշխատանքները:
Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության եւ տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:




























