Օրերս հայտնի դարձավ, որ տեխնիկական պատճառներով ԵՊՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է TOEFL iBT քննությունների հանձնումը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է, թե Ամերիկյան համալսարանի բակալավրիական ծրագրերի մեկնարկի հետ կապված կտրուկ ավելացել է Հայաստանում տվյալ քննության պահանջարկը: «TOEFL iBT անհրաժեշտ է նաեւ ասպիրանտուրա ընդունվելու համար: Խնդիրը համակարգի խափանման մեջ է, որի լուծումը տվյալ քննության համար պատասխանատու ամերիկյան կազմակերպության ձեռքերում է, որին ԵՊՀ-ն քանիցս դիմել է խնդրի կարգավորման նպատակով:
ԵՊՀ-ում քննությունների ժամանակավոր դադարեցումը անհանգստացրել է շուրջ 200 երիտասարդների:
ՀՀ ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ միասին միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակում ուսանողների եւ դիմորդների շահերը պաշտպանելու եւ խնդրին լուծում տալու ուղղությամբ:
Մեր քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա ընթացքում»,- նշել է նախարարը:

























