Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Սուրբ Սարգիս եկեղեցում ճրագալույցի պատարագը մատուցվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագին մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:



























