Այսօր քրիստոնեական ողջ աշխարհի եւ Հայաստանի համար Քրիստոսի հարության տոնն է եւ այսօր ինքնամաքրման իմ պայքարի այս փուլն ավարտվում է: Այսօր՝ մարտի 31-ին, Ազատության հրապարակում հայտարարեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հացադուլ էր հայտարարել մարտի 10-ից:

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել, ովքեր այս 21 օրերի ընթացքում եկան զորակցելու, ուժ տալու ինձ ու իմ ընտանիքին»,- ասաց նա, ով նաեւ շնորհակալություն հայտնեց այս 21 օրերի ընթացում իրեն զորակցող լրագրողներին, երիտասարդներին ու տարեցներին, առանց որոնց իր հացադուլը շատ ավելի դժվար կլիներ տանել: «Մերի երիտասարդների գիտակցությունը փոխվել է եւ ես գիտեմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է»,-վստահություն հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Շնորհակալ եմ նաեւ ոստիկաններին, ովքեր, թեեւ եղան որոշ հակադրություններ, շատ բարեհամբույր էին եւ ես ուրախ եմ, որ քաղաքացի-ոստիկան հարաբերությունը կայացել է»,-ասաց ընդդիմության առաջնորդը:

«Մեր հաջորդ հավաքը ապրիլի 5-ին է՝ Ազատության հրապարակում, որտեղ տեղի կունենա Նոր Հայաստանի երդմնակալությունը: Մինչ այդ կայցելենք մարզեր: Այս հրաժեշտի կամ սրտի երախտագիտության խոսքից հետո ես եւ իմ ընտանիքը պետք է գնանք մայր աթոռ սուրբ Էջմիածին: Մեզ եւ ձեզ մեծ ավետիս: Առաջիկա շաբաթվա ընթացքում մարզերում սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին»,- իր խոսքն ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am