Հայաստանում այսօր`ապրիլի 1-ին, նշում են Հումորի եւ երգիծանքի օրը, կամ, ինչպես ասում են, «Ծիծաղի» կամ «Հիմարների» օրը: Որտե՞ղ է ծագել տոնը` Ֆրանսիայո՞ւմ, Անգլիայո՞ւմ, Շվեդիայո՞ւմ, մշուշապատ գաղտնիք է:
Տոնի ծագման հիմնական վարկածը կապվում է գարնանային գիշերահավասարի եւ Զատկի հետ: Գարնանային Նոր տարվա տոնակատարություններն ուղեկցվել են կատակներով, չարաճճիություններով եւ ուրախ խաղերով:
Մոտ 2000 տարի առաջ Հին Հռոմում նշում էին այսօրվա Ծիծաղի օրը հիշեցնող տոն, որը կոչվում էր Հիմարների օր: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ պալատական ծաղրածուն Կոնստանտին կայսերը հայտարարել է, որ ծաղրածուներն ու միմոսները կարող էին ավելի լավ ղեկավարել երկիրը Կոնստանտինը որոշել է նրան խոսքը գործով ապացուցելու հնարավորություն ընձեռել: Նա հրաման է արձակել, որ Հռոմը տարեկան մեկ օր կղեկավարի ծաղրածուներից մեկը: Այդ օրն ամբողջ Հռոմում մարդիկ կատակել են եւ կատակով տարբեր թակարդներ պատրաստել միմյանց համար:
Ոմանք պնդում են, որ այդ տոնը ծնունդ է առել Հին Հնդկաստանում, որտեղ մարտի 31-ին նշվել է Կատակների տոնը:
Եվս մեկ տարածված վարկածով` Ծիծաղի օրը կապված է 1582թ. Հռոմի պապ Գրիգորիսի ներմուծած Գրիգորյան օրացույցին անցում կատարելու հետ: Մինչ այդ ամանորյա շաբաթը սկսվում էր մարտի 25-ից եւ ավարտվում ապրիլի 1-ին: Որոշ մարդիկ, սակայն, շարունակել են Ամանորը նշել հին ոճով: Մյուսները ծաղրել են նրանց` հիմար նվերներ մատուցելով եւ ապրիլյան հիմարներ անվանելով (April`s Fools): Այդպես էլ ծագել է այսպես կոչված «Ծիծաղի օրը»:
Ռուսաստանում ապրիլի 1-ը «Ծիծաղի օր» է հայտարարվել Պետերբուրգում Պետրոս Առաջինի գահակալման տարիներին: Մի անգամ ապրիլի 1-ի առավոտյան, երբ բնակիչները դեռ քնած էին, տագնապի ազդանշան է տրվել, որը հրդեհի մասին էր գուժում: Բնակիչները տագնապահար փողոց են ելել, պարզվել է` ազդանշանը կատակով է տրվել: Այդպես էլ ծագել է Ծիծաղի եւ կատակների օրը Ռուսաստանում:
Գերմանիայում եւ Ավստրիայում ապրիլի 1-ը համարվում է անհաջող օր. այդ օրը ծնված մարդկանց բախտը չի բերում կյանքում: Ըստ լեգենդի` այդ օրն է ծնվել նաեւ դավաճան Հուդան եւ հենց այդ օրն է սատանան արտաքսվել Երկիր: Գյուղերում չեն աշխատել, նոր գործեր չեն ձեռնարկել: Մեծերն ու փոքրերը խաբել են միմյանց` անիրագործելի խնդրանքներով դիմելով (օրինակ` դեղագործից կամ վաճառականից մոծակի ճարպ գնելու):




























