Ապրիլի 9-ին, ժամը 11-ին հանրապետության եւ սփյուռքի հայերը երդում կտան նոր Հայաստանին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանդես գալով Կապանում հրավիրած հանրահավաքում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ հենց ապրիլի 9-ին է նշանակված երկրի նախագահի երդմնակալության արարողությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է ապրիլի 9-ին զանգվածային ակցիա իրականացնել, որը կոչում է Նոր Հայաստանի երդմնակալություն:
Նրա խոսքով՝ եթե ընտրատեղամասերում ճշմարտությունն անհրաժեշտ չափով բացահայտվեր, Կապանում իր հաղթանակը Սերժ Սարգսյանի նկատմամբ կլիներ ոչ թե 55/45, այլ 90/10 հարաբերակցությամբ: «Այս շրջանը Գարեգին Նժդեհի հայրենիքն է, բայց նրա անունը յուրացրել է իշխանությունը: Գարեգին Նժդեհի անունով ձեզ խաբում են, Գարեգին Նժդեհի անունով խլում են ձեր ձայնը, Գարեգին Նժդեհի անունով խլում են ձեր արժանապատիվ կյանքը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ փետրվարի 18-ին ողջ ժողովուրդը փոփոխություն բերեց երկրի կյանքում: «Այդ օրը դուք բոլորդ ասացիք. «Սա իմ քաղաքն է եւ իմ երկիրը, մենք այսուհետ ազատ ենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո հանրահավաքը փորձել են խափանել մի խումբ սադրիչներ՝ միջին տարիքի մի տղամարդ եւ մոտ 15 երիտասարդներ, որոնք սկսել են վանկարկել «Հեռացիր»: Նրանց բացականչությունները արձագանք չի գտել հավաքվածների շրջանում:




























