Արվեստի մեջ նոր ոճ է առաջացել՝ խրխնջիզմ, երբ  նստում եւ խրխնջում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին՝ Հումորի եւ երգիծանքի օրը,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատերական գործիչ եւ ռեժիսոր Նիկոլայ  Ծատուրյանը:

Նա նշեց, որ 20-րդ դարի ամենաբացասական երեւույթը КВН-ն է, որը գնալով անհամացավ, դա իր հետեւից բերեց «Վիտամին ակումբ», «32 ատամ» եւ այլն:

Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ երբ հեռուստատեսությամբ դա ցույց են տալիս, իր ծիծաղը չի գալիս,  իսկ դահլիճը նստած հռհռում է, իսկ ինքը մտածում է՝ կամ ինքն է խելագար, կամ՝ ազգը, բայց կարծում է՝ երեւի ինքը: «Այն հումորը, որ ունի մեր մեծն Թումանյանը, ոչ ոք չունի: Մենք ընկել ենք աբսուրդի հետեւից, չենք կարդում, չենք ուզում իմանալ, կենցաղի մեջ շատ ենք մտել»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

Փոխարենը՝ ռեժիսորը լավ կարծիքի է Վարդան Պետրոսյանի մասին, ով, իր խոսքով, շատ հղկվեց Ֆրանսիայում, շնորհքով մարդ է, եւ մեր իրականությանը դրսից է նայում, ձեռ է առնում եւ ցավ կա դրա մեջ:

Նիկոլայ Ծատուրյանը նաեւ պատմեց իր արած հումորներից եւ իր գլխին խաղացած «օյիններից» : Օրինակ՝ մի անգամ իրեն նմանակող Արման Նավասարդյանը զանգել էր հայտնի ռեժիորի ուսանողուհիներին, խոսել նրա ձայնով եւ ժամադրել, նրանք բոլորը հաջորդ օրը մոտենում էին դասախոսին եւ ասում, թե երեկ ժամերով սպասել են իրեն, իսկ իսկ ինքը ժամադրել եւ չէր եկել:

Թատերական գործիչը նաեւ պատմեց, թե ինչպես մի անգամ գրել էր, թե  հաջորդ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է դնելու, համոզված է, որ կանցնի, ունի ծրագիր բաղկացած չորս կետից: «Առաջինը՝ խոսել եմ մասոնների հետ, պայմանավորվել եմ, որ նրանցից մեկն իմ վրա կկրակի, երկրորդ՝ աշխատում եմ  նոր էպոսի վրա, մերը հնացած է, երրորդ՝ պայմանավորվել  եմ մի ավիաուղեւորի հետ, որ ինքն իրեն վատ զգա եւ ինքը փրկի նրա կյանքը (Րաֆֆի Հովհաննիսյանն էր օդանավում մարդու կյանք փրկել-խմբ),  չորրորդ կետը՝ հայտարարել հացադուլ երեք մասով եւ եթե չվատացա, Հայաստանը կփրկվի մեկ խեղկատակից»,- իր չորսկետանոց ծրագիրը ներկայացրեց «նախագահի թեկնածուն»:

Ի դեպ, ասուլիսի ժամանակ նա Մհեր Մկրտչյանի նմանակումն արեց: Այս մասին՝ տեսանյութում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am