NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մարտի 30-ին ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Սուրեն Ռուբինյանի մահվան մասին:
Մեզ հաջողվել է պարզել, որ նա 32 տարեկան էր, մոտ 1 տարի առաջ էր դուրս եկել ՌՈ-ից եւ չէր աշխատում: Սուրեն Ռուբինյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Մեր տեղեկություններով` վերջինս երեխայից գրիպ է վարակվել, սակայն 7-10 օր հիվանդությունը «ոտքի վրա է տարել»: Մեր աղբյուրները նաեւ պնդում են, որ վերջինիս մոտ եղել է գրիպի H1N1 տեսակը, որն էլ բարդացել եւ հանգեցրել է թոքաբորբի:
ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարտի 20-ին վերջինս` որպես քաղաքացիական անձ, բարձր ջերմությամբ եւ հազով դիմել է իրենց հիվանդանոց: Անմիջապես թոքերը ռենտգեն հետազոտություն է արվել եւ պարզվել է, որ դրանք վատ վիճակում են, արյան թթվածնի հագեցվածությունը շատ ցածր է, երկու թոքերն էլ ախտահարվել են:
Արամ Ասատրյանը հաստատեց, որ մինչ հիվանդանոց դիմել նա ջերմություն է ունեցել եւ «ոտքի վրա գրիպ» տարել, սակայն իրենց մոտ տեղափոխվել է ծանր թոքաբորբով: Սուրեն Ռուբինյանը անմիջապես տեղափոխվել է Վերակենդանացման բաժանմունք եւ սկսել են ինտենսիվ բուժումը: Ինչ վերաբերում է նրա մոտ H1N1-ի առկայությանը, ապա Արամ Ասատրյանը նշեց, որ ոչ մեկ դա չի կարող հաստատել կամ հերքել: «Մեզ մոտ գրիպով չի պառկել, եթե գրիպ տարել է, շուտվանից անցած է եղել, մենք արդեն հետեւանքների հետ ենք գործ ունեցել: Մենք թոքաբորբն ենք բուժել, հարազառները ասում են, որ գրիպոզ վիճակ է եղել, բայց մենք գրիպի հետ գործ չենք ունեցել»,- ասաց նա` հավելելով, որ նրա մոտ գրիպի առկայությունը կարող էր հաստատվել միայն գրիպ եղած: Հոսպիտալի տնօրենը նաեւ շեշտեց, որ Սուրեն Ռուբինյանը նախկինում առողջ է եղել եւ հենց ամուր առողջություն ունենալու, ամրակազմության շնորհիվ է 7-10 օր առանց հոսպիտալացման գրիպ տարել:
Իսկ մարտի 30-ին նախկին զինվորականը մահացել է պոլիօրգան անբավարարությունից:
Մեր տեղկություններով` ոստիկանության Էրեբունիի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախպատրաստվում: Փորձեցինք նաեւ ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանից ճշտել, թե արդյոք լաբորատոր հետազոտություն կարվի` մահացածի մոտ H1N1-ի առկայության վերաբերյալ, ինչին ի պատասխան նա հայտնեց, որ Առողջապահության եւ Պաշտպանության նախարարությունների կողմից որեւէ պաշտոնական դիմում չի եղել, որ ինչ-որ հետազոտություն արվի: «Եթե չկա դիմում, մենք չենք կարող այդ ոլորտը մտնել, դա զինվորական ոլորտ է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մարտի 30-ին մահացել է ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Սուրեն Ռուբինյանը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա նախկին զինծառայող է, այժմ իրենց հետ կապ չունի:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե վերջինս մահացել է խոզի գրիպից, մամուլի քարտուղարը նշեց. «Իմ տեղեկություններով` մահվան պատճառը խոզի գրիպը չէ, ասում են` թոքերի խնդիր է ունեցել»:

























