Այսօր՝ ապրիլի 2-ին, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» (AMAP) հայտարարել են Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը: BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը եւ տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի 173 համայնքներում:

AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը բացատրել է, թե ինչպես է զբոսաշրջային ուղին նշվելու, պատմամշակութային եւ բնության որ վայրերն են ընդգրկվելու դրանում եւ ինչպես է առաջիկա երկու տարիներին ծրագիրն իրականացվելու Հայաստանում: Հայաստանյան ուղին 43 վայրեր է ներառելու Երեւանում, ինչպես նաեւ Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում:

Ասուլիսին ելույթ են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի («ICOMOS-Հայաստան») նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության Սեւծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով եւ AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը եւ համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման եւ տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների խթանման միջոցով: