Ստեփանակերտում սկսվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ստեփանակերտի մշակութային, կրթական եւ արվեստի կենտրոնի՝ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման աշխատանքները:

Այս նախաձեռնությունն ուսումնականորեն նորարար հնարավորություններ է ընձեռելու ԼՂՀ քաղաքային եւ գյուղական համայնքներում: Կենտրոնը սպասարկելու է բոլոր տարիքային խմբերի ուսանողներին, ԱԺ պատգամավորներին, կառավարության պաշտոնյաներին եւ այլ անձանց, նրանց առաջարկելով անգլերենի կատարելագործման, ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների նախապատրաստման, ինչպես նաեւ ստեղծարար տեխնոլոգիաների (անիմացիա, վիդեո խաղ դիզայն, վեբ զարգացում եւ այլ տեխնոլոգիաներ) դասընթացներ: Բացի այդ, կենտրոնն առաջարկելու է նաեւ երաժշտության, կառավարման եւ զբոսաշրջության զարգացման դասընթացներ:   

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. «ՀԲԸ Միությունը գոհունակությամբ է հայտարարում Լեռնային Ղարաբաղում նոր ծրագրի մասին: Մենք համոզված ենք, որ որեւէ ազգի զարգացման հիմնական գործոնները կրթությունն ու մշակույթն են: ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրը դառնալու է ուսումնական գործունեության կենսունակ մի կենտրոն, որը նոր հնարավորություններ է տալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր խավերին»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր հերթին բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում կրթությանը առաջնահերթություն տալու ՀԲԸՄ-ի նախաձենռությունը:

Այս նախաձեռնությունն իրագործելու համար ՀԲԸՄ-ն փետրվարին համաձայնագիր է ստորագրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որով համալսարանն իր Extension Program կրթական հատուկ ծրագրի միջոցով զարգացնելու է Շարունակական դասընթացների (Continuing Education Program CEP) ծրագիրը: Այս ծրագիրը ժամանակավորապես գործելու է Ստեփանակերտում, մինչեւ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի կառուցումը, որն ակնկալվում է, որ կսպասարկի մի քանի հարյուր ուսանողի: ՀԱՀ-ի Շարունակական դասընթացների ծրագրի իրագործմանն աջակցելու համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հանձն է առել տրամադրել 575 հազար ԱՄՆ դոլար: