Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Լֆիկ Սամոն, Փակ Շուկայի շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Իր շքեղ մեքենան այդ ընթացքում պատգամավորը կայանել էր արգելված գոտում: Ըստ որում՝ Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր՝ շքախմբով հանդերձ: Մեքենան հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր «զրուցում»:

Այս պահվածքը հատկապես ուշագրավ է՝ նախօրեին Երեւանի քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի անդամների՝ Տ.Մարգարյանին հանձնած դիմումի ֆոնին, որով հանձնաժողովի անդամները պահանջել էին «Փակ շուկայի» խեղման համար քրեական պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին: Վերջինս, փաստորեն, իր ամեն մի քայլով հանրությանը ցույց է տալիս, որ թքած ունի «Փակ շուկայի» շուրջ բարձրացած աղմուկի վրա»,- գրում է «Հայկական ժամանակը»: