Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ ապրիլի 5-ին, ընդունել է Հեսսենի հայ մշակութային միության նախագահ Լուսինե Վարդումյանին եւ փոխնախագահ Մհեր Բեգլարյանին:
Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ ամուսիններն արդեն 23 տարի է՝ ապրում եւ աշխատում են Գերմանիայում: Մհեր Բեգլարյանը 12 տարի եղել է մշակութային միության նախագահը, արդեն երկրորդ տարին է՝ նախագահ է ընտրվել կինը՝ Լուսինե Վարդումյանը:
Ամուսինները նախարարություն էին այցելել երեք աղջիկների՝ Աստղիկի, Արեւիկի եւ Վանեի հետ: Երիտասարդ երաժիշտ Աստղիկ Բեգլարյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել:
Լուսինե Վարդումյանը նախարարին ներկայացրել է մշակութային միության կողմից կազմակերպվող ձեռնարկները, միջոցառումները, կարեւորել այն օժանդակությունը, որը Սփյուռքի նախարարությունը տրամադրում է Սփյուռքում գործող մշակութային միություններին, համայնքներին: Նա նախարարության ծրագրերից առանձնացրել է «Արի տուն» ծրագիրը, որին պարբերաբար մասնակցում են գերմանաբնակ պատանիները:
Հեսսենի հայ մշակութային միության հրավերով եւ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2011 թվականի գարնանը «Արի տուն» ծրագրի փոխադարձ այցի շրջանակներում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք էին այցելել հայաստանցի 7 պատանիներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է հյուրերին եւ ներկայացրել նախարարության ծրագրերը, խոսել ապրիլի 22-24-ը Երեւանում կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել է հայապահպանությունը Սփյուռքում, նշեց, որ յուրաքանչյուր հայ պետք է բարձր պահի հայի ու Հայաստանի պատիվը եւ փորձի օգնել, սատարել հայրենիքին: Նախարարը կարեւորել է այցելությունները Հայաստան եւ հորդորել ակտիվացնել համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Հանդիպման վերջում Մհեր Բեգլարյանը նշել է, որ ապրիլի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է իր հոր՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական հուշ-երեկոն: Միության փոխնախագահը նշել է, որ հուշ-երեկոյի տոմսեր են տրամադրել Հայաստանում ապաստանած սիրիահայերին:




























