Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 6-ին, Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է մարզում իրականացվող հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքների ընթացքին:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, պատասխանտու այլ անձանց ուղեկցությամբ փոխվարչապետն Արաքսի ափապաշտպան կառուցների ամրացման աշխատանքներին ծանոթացել է Փշատավան համայնքի տարածքում: Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, կատարված է, եւ դրանք ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ ամսվա կեսերին:
Մարզի Ակնաշեն համայնքի տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն Մեծամոր գետի ափերի ամրացման աշխատանքները: Այստեղ եւս փոխվարչապետը ծանոթացել է իրականացվող միջոցառումներին: Զեկուցվել է նաեւ մարզի Մյասնիկյան եւ Խանջյան համայնքների տարածքներում հեղեղատարերի հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքերի ընթացքի մասին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով եւ հնարավորինս սեղմ ժամկետներում` ափամերձ տարածքները հեղեղումների հնարավոր վտանգից պաշտպանելու համար:
Նշենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 28-ի որոշմամբ հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:



























