Ռուսաստանյան իշխանությունները սկզբունքորեն համաձայնություն են տվել վրացական մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը վերսկսելու վերաբերյալ: Այս մասին Թլիբիլիսում լրագրողներին հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Կիրվալիձեն:

«Մրգերի ու բանջարեղենի մասով դրական պատասխան է տրվել: Այս հարցը շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք, թե քանի մարդ է սպասում իր արտադրանքի իրացման շուկայի ընդլայնմանը: Ռուսաստանյան կողմի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել` վրացական արտադրանքի «վերադարձի» վերաբերյալ»,- ասել է նա:

Նրա խոսքով` այս պահին լուծվում են տեխնիկական խնդիրները` մասնավորապես կապված անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական սերտիֆիկատների հետ: «Բացի դրանից, լուծվել է թուրքական մրգերի եւ բանջարեղենի` Վրաստանի տարածքով (դեպի Ռուսաստան) տարանցման հարցը»,- նշել է Դ. Կիրվալիձեն:

Նրա կանխատեսմամբ` ռուսաստանյան շուկա վրացական մրգերի եւ բանջարեղենի իրական վերադարձը, ինչպես նաեւ թուրքական գյուղատնտեսական արտադրանքի` Վրաստանի տարածքով Ռուսաստան ներմուծումը տեղի կունենան արդեն ընթացիկ տարվա ամռանը, հայտնում է РБК-ն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի շուկա վրացական գինու նորից մուտք գործելուն, սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայության (Роспотребнадзор) փորձագետների հետազոտությունների արդյունքում վրացական ավելի քան 60 ընկերության` գինու եւ ալկոհոլային խմիչքների արտադրողների, թույլ է տրվել գրանցվել Ռուսաստանում:

Ռուսաստանը վրացական ապրանքների ներմուծման արգելքը մտցրել է 2006թ.-ին` «լրտեսական սկանդալի» շրջանակներում Վրաստանում ՌԴ քաղաքացիների ձերբակալությունից հետո: Վրաստանում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո վրաց-ռուսական հարաբերություններն ակտիվացել են, թեեւ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո ընդհատված դիվանագիտական հարաբերությունները վերականգնված չեն: