Այն անձինք, քաղաքական ուժերը, ովքեր ցանկություն ունեն կամ ցանկություն չունեն մասնակցելու ԱԺ հատուկ նիստին, դա իրենց խնդիրն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Ստիպողաբար, հարկադրաբար, կամ որեւէ քաղաքական ուժի հատուկ ինչ-որ հրավերք կատարելու, հատկապես`  ԱԺ-ում գտնվող քաղաքական ուժերը, եթե չեն գալիս, դա իրենց խնդիրն է, նրանք էլ ԱԺ նիստերից հաճախակի բացակայում են, որեւէ ուշադրության առիթ չի առաջանում, այստեղ էլ համարենք, որ հերթական իրենց բացակայությունն է, ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ անկախ նրանից, որ պարտավոր է որպես ՀՀ քաղաքացի եւ պատգամավոր ներկա լինել նախագահի երդմնակալության արարողությանը, ինքը դրան ներկա է լինելու մեծ պատվով: Նա շեշտեց, որ սկսվել է մի գործընթաց, որից շահելու է ժողովուրդը, փոփոխությունների սկիզբն է դրվելու:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի Սերժ Սարգսյանի երդմանակալության արարողությանը չմասնակցելու համար արտերկիր մեկնելու մասին տարածված տեղեկություններին, ապա նա նշեց, որ երբեւիցե չի հետեւել, թե որ ժամանակընթացքում նա ինչի համար է մեկնել արտերկիր, ուստի կոչ արեց դիմել իր մամուլի խոսնակներին:

«Այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են չմասնակցության մասին, Աստված իրենց հետ, ովքեր չեն հայտարարում, էլի Աստված իրենց հետ, աշխատանքը, գործընթացն առջեւում է, ամեն ինչ գնահատվում է»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նշենք, որ վաղը կայանալիք ԱԺ հատուկ նիստին, որտեղ կայանալու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, չեն մասնակցելու ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնել է արտերկիր եւ չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ խմբակցությունը հայտնի չէ` կմասնակցի, թե՝ ոչ: