Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական եւ այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման եւ միջամտության, ինչպես նաեւ առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն մատուցվելու է համաբուժարանային պայմաններում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը շրջել է ամբողջությամբ վերանորոգված եւ անհրաժեշտ պարագաներով կահավորված բաժանմունքով, ծանոթացել բուժման համար անհրաժեշտ պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքի բացման կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է բաժանմունքի կարեւորությունը մայրաքաղաքի առողջապահական համակարգում:
«Այն քաղաքացիները, ում երեխաները նման խնդիրներ ունեն, արդեն ունեցան երկրորդ կենտրոնը, ուր կկարողանան այցելել: Մենք պատրաստ ենք աջակից լինել եւ միշտ ձեր կողքին ենք: Մեր ծրագրերում ընդգրկված է նաեւ 9-րդ մանկական պոլիկլինիկայի կապիտալ վերանորոգումը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաեւ նշել է, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հասարակությանը լիարժեք ինտեգրացման նպատակով նախատեսվում է Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի թիվ 78 մանկապարտեզում իրականացնել վերակառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, մասնագետների վերապատրաստում, համապատասխան պարագաներով եւ խաղերով հագեցում, որտեղ կհաճախեն թիվ 9 մանկական համաբուժարանում բուժվող հատուկ կարիքներով երեխաները:
Ստեղծված ծառայության գործունեությունը եւ երեխաների վերականգնողական ծառայությունները իրականացվելու են պետական պատվերի շրջանակում:
«Սա հնարավորություն կտա, որ այն հազարավոր ընտանիքները, որոնց համար այս ծառայությունները դժվարամատչելի են, կարողանան անվճար օգտվել»,-շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության համար՝ նշել է Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը:
Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ «Արմենիկում» կլինիկական կենտրոն, շրջել հարկաբաժիններով, ծանոթացել կետրոնի պայմաններին եւ տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով կենտրոնի հարակից տարածքի բարեկարգմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա համար կտրամադրվի համապատասխան որոշում. «Մենք պատրաստ ենք աջակցելու, կտրամադրենք նաեւ դենդրոնախագիծ եւ բարեկարգմանն անհրաժեշտ այլ պարագաներ, ընդ որում՝ տարածքը պետք է ծառայի ոչ միայն կենտրոնի այցելուների, այլեւ հարակից շենքերի բնակիչների հանգստի ապահովմանը»,- ընդգծել է քաղաքապետը:




























