Երեւանում ապրիլի 8-ին սկսվել է «Առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ եւ թուրք գործարար կանանց երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպության եւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ւ-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից:
Ֆորումի բացմանը ելույթներով հանդես են եկել կազմակերպիչները եւ ինչպես նաեւ Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նեւին Իլը, Դիարբեքիրի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը:
Իրենց խոսքերում թե Նեւին Իլը, թե Դիյադին Գեզերը կարեւորեցին դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարեւան երկրների միջեւ նման նախաձեռնությունները` շեշտելով, որ հասարակական եւ տնտեսական ոլորտի շփումները կարող են աջակցություն լինել երկկողմ հարաբերությունների կարգավորման աշխատանքներին:
Ֆորումին մասնակցում են 25 հայ կին գործարարներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից, բժշկական կոսմետոլոգիայից, հրուշակեղենի, արհեստագործական իրերի ու տեքստիլի արտադրություններից մինչեւ շինարարություն եւ շինանյութերի արտադրություն: Թուրքական կողմից միջոցառմանը մասնակցում են 30 կին գործարարներ՝ զբոսաշրջության, բժշկության, շինարարության, ապրանքների փաթեթավորման, կաթնամթերքի արտադրության եւ բեռնափոխադրումների ոլորտներից:
































