Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը օրինաչափ է գնահատում ոստիկանների գործողությունները «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների նկատմամբ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ներսես Նազարյանը նշեց, որ իրենք ընդամենը արգելել են ակտիվիստների երթը այն փողոցներով, որոնցով քաղաքապետարանը եւս չէր թույլատրել: Խոսքը, մասնավորապես, Բաղրամյան պողոտայի մասին է, որի փակ լինելու մասին վաղօրոք հայտարարվել էր եւ նշվել էր, որ միջոցառում է լինելու եւ դրան մասնակցում են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր արտերկրից:
Ներսես Նազարյանը նշեց, որ Ազատության հրապարակում այսօր օրինական հանրահավաք են անում, երթի թույլտվություն եւս ունեն, իսկ ոստիկանները ապահովում են հասարակական կարգը: Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում արձանագրված միջադեպին, որի ժամանակ քաշքշել եւ հրմշտել էին նաեւ «Առավոտի» լրագրողին, ոստիկանապետը նշեց, որ նման բան չկա, դա հերյուրանք է:
Նա նշեց, որ ոստիկանները չեն քաշքշում ակտիվիստներին, կարգի են հրավիրում եւ ով պետք է, բերման է ենթարկվում, «մարդը չի հասկանում, որ ոստիկանի բերման ենթարկելու ձեւ կա»:
Ներսես Նազարյանը պարզաբանեց, որ Բաղրամյան պողոտայում մի խումբ ակտիվիստներ փորձում էին սադրել, հրահրել, ինչը կարող էր վտանգավոր լինել:
«Գոնե Րաֆֆի Հովհաննիսյանը խելացի գտնվեց եւ կանխեց, այն մարդիկ, որոնք հայտարարեցին, որ Րաֆֆին մեր առաջնորդը չի եւ մենք էլ իր հետ կապ չունենք, իրենք որոշեցին, որ կարող են շարունակել սադրել: Մեր շատ երկար հորդորներից, նախազգուշացումներից, խնդրելուց, աղաչելուց, բացատրելուց հետո իրենք բացարձակ չուզեցին ենթարկվել եւ փորձեցին այդպես շարունակել, բայց այդպես չի լինելու, ավելի խիստ ենք լինելու»,- ասաց Ներսես Նազարյանը:
Երեւանի ոստիկանապետն ասաց, որ 7 ակտիվիստ տարվել են ոստիկանական բաժանմունքներ` ենթարկվելու վարչական տույժերի: Վարչական տույժերի ենթարկվելուց հետո նրանք բաց են թողնվելու, ինչպես Եղիա Ներսիսյանը եւ նրա ընկերը: Նա նշեց, որ վերջիններիս փաստաբաննրը բոլոր բաժանմունքներում հետեւում են գործընթացներին:
Նա շեշտեց, որ պետք է հարգել ոստիկանին եւ նրա աշխատանքը, իսկ ոստիկանությունը բոլորինն է եւ պահպանում է հասարակական կարգը, «չէ՞ որ մենք իրենց էլ ենք պաշտպանում եւ առավոտից իրիկուն 24 ժամ ծառայություն ենք տանում»: Երեւանի ոստիկանապետի խոսքով` եթե նախկինում ինչ-որ բաներ չեն արգելել, շեղվել են երթուղուց առանց թույլտվության եւ ոստիկանները մեղմ են վերաբերել ավելորդ լարվածությունը չստեղծելու համար, ապա այժմ այդպես չի լինելու: «Եթե իրենց թվում է, թե դրանից վախեցել ենք, նման բան չկա, եթե իրենք մեր մարդասիրությունը կամ վերաբերմունքը կարող են շփոթել իրենցից վախենալու հետ, Փառք Աստծո, մենք իրենց այդ միտքը կփոխենք շատ արագ»,- ասաց Ներսես Նազարյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` իրեն ձերբակալելու մասին հայտարարությանը` Ներսես Նազարյանը նշեց, որ չի ցանկանոմ գնահատական տալ:
«Թող ինքը մտածի նման արտահայտություններ անելը իրեն պատիվ բերում է, թե ոչ, հենց տեղում էլ ինձ ասում էր` ինձ ձերբակալեք, ինչ-որ հերոսացման բաներ կար, ուզում էր հերոսանալ, ի՞նչ է նշանակում ինձ ձերբակալեք, ի՞նչ է դա նշանակում, եթե որեւէ բան է արել, որ հիմք կա ձերբակալելու, կարող է հայտարարություն անել, որ արել եմ սենց բան, ոստիկաններ ձերբակալեք ինձ, իրեն դա չի սազում»:




























