Ոստիկանության Արաբկիրի բաժնից «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նաեւմ նշվել է.
«Ոստիկանության ծառայողների կողմից 2013 թ. ապրիլի 9-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել փաստաբան: Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանը ենթարկվել է պատշաճ բուժզննման, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նրան ենթարկել ռենտգեն հետազոտության, ինչի համար նա տեղափոխվել է հիվանդանոց:
Արմեն Մարտիրոսյանը վաղը՝ ապրիլի 10-ին, հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ոստիկանության եւ ցուցարարների քաշքշուկի ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին, ապա բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























