«Արմավիան» 1998 թ. թղթի վրա գրանցված ընկերություն էր, որին բացառիկ իրավունքների տրամադրումը արկածախնդրություն էր: Այդ մասին այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ մինչ 1998 թ. գոյություն ունեին 3 ավիաընկերություններ՝ «Հայկական ավիաուղիներ», «Արաքս», «Երավիա» բեռնափոխադրող:
«Արմավիան» փաստորեն ստեղծվել է «Արաքսի» եւ «Հայկական ավիաուղիների» բազայի վրա: «Սիբիր» ավիաընկերության տիրոջ կնոջ միջոցներն են ներդրվել Արմավիայում»,-հայտարարեց Շ. Պետրոսյանը:
Նրան հակաճառեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը, ասելով, որ ավիացիայի քանդման հիմքերը դրվել են 90-ակա թվականներին՝ Շ. Պետրոսյանի ղեկավարմամբ: Ի. Մուրադյանը նշեց, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից ժառանգել էր հզոր ավիացիա, որը արդյունավետ կառավարում էր Քաղավիացիայի այն ժամանակվա ղեկավար Դմիտրի Ադբաշյանը:
«Նապաստակ տեղափոխելու համար եմ հեռացրել Ադբաշյանին»,- հակադարձեց Շ. Պետրոսյանը:



























