Թուրքիայում Radikal թերթի աշխատակից Դենիզ Զեյրեքը Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչ Էլսեւյար Սալմանովին մեղադրել է ազգային թշնամանք հրահրելու մեջ։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, աղմուկի պատճառ է դարձել այն, որ Անկարայում Radikal թերթի կազմակերպած երաժշտական փառատոնին «Սարի գյալին» (հայկական տարբերակը՝ «Սարի աղջիկ») երգը ներկայացվել է որպես հայկական։ Անկարայում դեսպանության աշխատակից Էլսեւյար Սալմանովը, իր վրդովմունքն արտահայտելով փաստի առիթով, Radikal թերթի աշխատակիցներին «հայեր» ու «ստորներ» է անվանել։ Այդ կապակցությամբ թերթի հրապարակախոս Դենիզ Զեյրեքն իր հոդվածում Է.Սալմանովին մեղադրել է ազգային թշնամանք հրահրելու եւ դիվանագիտական վարվելակարգը խախտելու մեջ։ Դ. Զեյրեքն իր հոդվածում նշում է, որ ինքն արդեն դիմել է Անկարայում Ադրբեջանի դեսպանին ու Թուրքիայի ԱԳՆ։
Հրապարակախոսի կարծիքով՝ եթե նման բան տեղի ունենար որեւէ եվրոպական երկրում, ապա այդ դիվանագետին անմիջապես «պերսոնա նոն գրատա» կհայտարարեին։ Ավարտելով՝ հրապարակախոսը Թուրքիայի ԱԳՆ-ից պահանջել է գնահատական տալ ադրբեջանցի դիվանագետի գործողություններին եւ վտարել նրան երկրից։
Սակայն Ադրբեջանի դեսանությունը քրեական կամ անպարկեշտ ոչինչ չի տեսնում իր աշխատակցի գործողություններում։ Ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է, որ դիվանագետը երբեք ոչ մեկին չի վիրավորել։ Ընդհակառակը, հրապարակախոսը փորձում է թեման ուղղորդել լրիվ այլ ուղղությամբ՝ օգտագործելով թերթի հարթակը։ Դեսպանությունը հայտարարել է, որ ամեն ինչ կանի դիվանագետին վիրավորելու համար հրապարակախոսին պատասխանատվության ենթարկելու համար։
Նման դիրքորոշումը շատ պարզ բացատրություն ունի. պետական մակարդակով հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի համար նշված գործողություններում չի կարող անպարկեշտ ոչինչ լինել։




























