«Եթե օմբուդսմենին ձեր ճնշելը ժողովրդի բարրօրության օգտին է՝ ճնշեք, ի սեր Աստծո, կարեւորը ժողովուրդը շահի»,- այսպես դիմեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, երբ վերջինս փորձում էր տեղից արձագանքել օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ ԱԺ-ում օմբուդսմենի 2012 թ. գործունեության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների մասին զեկույցի քննարկման ընթացքում:

Մինչ այդ Զ. Փոստանջյանը մի քանի հարց ուղղեց օմբուդսմենին, սակայն ակնհայտորեն պատասխաններից դժգոհ մնաց: Մասնավորապես՝ Զ. Փոստանջյանը դժգոհեց օմբուդսմենի զեկույցում բնապահպանությանը, մարտի 1-ի դեպքերին ոչ պատշաճ ուշադրությունից; Նա նաեւ հարց ուղղեց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի մասին:

Կ. Անդրեասյանը պատասխանեց, որ ճիշտ չէ բնապահպանական խնդիրները քննարկել առանձին-առանձին՝ առանձնացնելով ասենք Թռչկանը խոշոր հանքերի խնդիրներից: Մարտի 1-ի հետ կապված Կ. Անդրեասյանն ասաց, որ հարցը դեռ նախաքննական մարմնում է, ուստի օմբուդսմենը չի կարող միջամտել նախաքննական մարմնի գործունեությանը: Բանակում մահացած զինվորների թվի վերաբերյալ Կ. Անդրեասյանը հստակ տեղեկություններ չուներ: