«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, թեեւ դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այդ մասին ապրիլի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Ժառանգության» անդամին զգալի ֆիզիկական վնասվածք է հասցվել: Հուսով եմ, որ բոլորն արժանի պատիժ կստանան: Իհարկե, լինում են իրավիճակներ, երբ ոստիկաններն իրավունք ունեն համապատասխան գործողություններ կատարել, սակայն այստեղ ադեկվատության խնդիր է ծագում»,- նշել է Լարիսա Ալավերդյանը:
Ընդդիմության երեկվա երթի անկազմակերպվածության կապակցությամբ նա նշեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ի սկզբանե հայտնել էր, թե գնալու են Ծիծեռնակաբերդ: «Կարծում եմ` անհրաժեշտ է դասեր քաղել, այլ ոչ մեղավոր որոնել»,- ասել է Ալավերդյանը: Նրա խոսքով, նման ակցիաները պետք է նախապես կազմակերպված եւ կառավարվող լինեն, քանի որ կան բազմաթիվ խմբեր, որոնք հավակնում են լիդերության եւ տարբեր նախաձեռնությունների: «Այդ միջոցառումների ժամանակ կարող են սադրիչներ եւ քաղաքական հակառակորդի ներկայացուցիչներ լինեն»,- ասել է Ալավերդյանը եւ հավելել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չհերիքեցվ փորձը ավելի հստակ գործողությունների համար:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























