Ապրիլի 9-ին նախատեսված միջոցառումներում փոփոխություններ տեղի ունեցան, նախատեսված էին երդմնակալություն, մշակութային միոցառումներ, հանրահավաք, ապա՝ երթ: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ ժամը 18.00-ին հանրահավաք չեղավ, եղավ երթ, քանի որ դա էր պահանջում ժողովուրդը, «Երեւանի կենտրոնը նմանվել էր կոնցլագերի, անցորդներն անգամ զրկված էին փողոցն անցնելու հնարավորությունից»:

«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով` ժողովրդի մի հատված որոշեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շրջել Երեւանի բլոկադայի ենթարկված փողոցներով, բայց քանի որ ամբողջ ժողովրդին շրջափակման մեջ էին վերցրել, տարբեր խմբեր մնացին տարբեր տեղերում շրջափակված։ Նա շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին չի թողել Բաղրամյան պողոտայում, ուղղակի մի հատվածը չի լսել նրա հայտարարությունը, մի հատվածն էլ ցանկացել է մնալ այդտեղ։

Նրա խոսքով` ոչ ոք ապրիլի 9-ը հեղաշրջման կամ Բաղրամյան 26-ը գրավելու օր չէր հռչակել, «հեղափոխության ժամ» ոչ ոք չի նշանակել:

Ստեփան Սաֆարյանը նաեւ տեղեկացրեց,  որ ժողովրդի մեջ տարբեր սադրիչներ էին մտցրել, որոնք արյուն թափելու կոչեր էին անում, նրանցից ոմանք նույնիսկ հարբած էին:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդ այցելելուն, ապա, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ է գնացել Ծիծեռնակաբերդ, իսկ Վլադիմիր Գասպարյանն ուղեկցել է նրան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am