Ապրիլի 9-ից հետո նոր շրջան է սկսվում եւ զարգացումները դեռեւս առջեւում են: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Նա չի կարծում, թե «Բարեւի հեղափոխությունը» մեռավ ապրիլի 9–ին, ընդհակառակը`  այն սկիզբ դրեց մի պրոցեսի, որն ավելի ցավալի է լինելու իշխանությունների համար: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ` երեկվա իրադարձությունները բացասական ազդեցություն չեն ունենա Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վրա:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի եւ մի շարք այլ գործիչների՝ շարժման լիդերությունն իրենց ձեռքը վերցնելու խոսակցություններին, նա նշեց, որ եթե Անդրիաս Ղուկասյանը հաջողակ քաղաքական գործիչ լիներ, կստանար Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները: Նա պատմեց, որ երեկ ինքը Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, երբ հայտարարեց, որ միանանք առաջնորդին, մի քանի երիտասարդներ ասացին, որ իրենք առաջնորդ չեն ճանաչում, հենց այդ մարդիկ էլ  փորձում էին ժողովրդի մի խմբին պահել այդ հատվածում:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ կային մարդիկ, ովքեր չեն տեսնում պայքարի այլ ճանապարհ, քան ջարդել-փշրելը: Նա հիշեցրեց 2004 թ ապրիլի 12-ի դեպքերը, երբ երթի մասնակիցները հանդիպեցին ոստիկանների մահակներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am