Վնասվածքից հետո լիակատար վերականգնվելու համար Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ամսից ավելի կպահանջվի։ Այս մասին տեղեկատվությունն, այսօր՝ ապրիլի 10-ին, տեղադրվել է Facebook-ի Սահակաշվիլիի էջում, որտեղ դրվել է նաեւ Ստամբուլում ամերիկյան հիվանդանոցի եզրակացությունը, որտեղ ապրիլի 7-ին վիրահատվել է Միխայիլ Սահակաշվիլին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահի հետ տեղի ունեցածի վերաբերյալ հանրության հետաքրքրվածության պատճառով վարչակազմը հաղորդում է, որ Սահակաշվիլին տուժել է հեծանիվով ամենօրյա զբոսանքի ժամանակ եւ վիրահատվել Ստամբուլի ամերիկյան հիվանդանոցում։
«Երեք մասից կոտրվել է նախագահի ուսը, ինչի պատճառով կիրակի գիշերը նրան վիրահատել են։ Սահակաշվիլիին մի քանի ժամով անզգայացրել են, իսկ նրան վիրահատել է թուրք վիրաբույժ, պրոֆեսոր Մեհմեթ Դեմիրհանը», - ասված է հաղորդագրության մեջ։ Բժիշկները 40 կար են դրել եւ կոտրվածքներն ամրացրել են մետաղական ներդիրներով։
Վարչակազմի տվյալներով, նախագահը երկու օր է անցկացրել հիվանդանոցում, իսկ ապրիլի 9-ին Անկարայում հանդիպումներ է ունեցել։ Ապրիլի 10-ին նա վերադառնում է Թբիլիսի։




























