Լեռնային Ղարաբաղում առաջիկա տարիներին պատերազմ չի լինի, ընդ որում, ոչ նրա համար, որ Արցախի բանակը հզոր է, հարցը դրա մեջ չէ: Այդ մասին ապրիլի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Հարցն այն է, որ այսօրվա դրությամբ մարդկային գործոնը չի դիտարկվում մարդկային հարթության մեջ: Դա պետք է հաշվի առնել անվտանգության եւ պատերազմի հարցերում գերտերությունների ընկալումների մասով»,- ասել է Լարիսա Ալավերդյանը` ընդգծելով, թե այդ ամենը քննարկվում է նավթային եւ գազային ենթակառուցվածքների անվտանգության համատեքստում:
Նրա համոզմամբ, Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել են քաղաքակրթությունների բախման առաջին գծում: «Դա նշանակում է, որ բոլոր առումներով միայն հայերին է անհրաժեշտ խաղաղությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Ստացվում է, որ միայն հայերի համար է խաղաղությունն ամենաբարենպաստ իրավիճակը»,- ասել է առաջին օմբուդսմենը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ըստ Ալավերդյանի, բոլոր մարդասիրական հարցերը Բաքուն վերածում է քաղաքականի: «Ես կոչ եմ անում, որ մեր երկրի իշխանությունները, ի վերջո, բացի ընտրություններից զբաղվեն լուրջ գործով եւ տարածեին Ադրբեջանի ապօրինի գործողությունների մասին նյութեր»,- ամփոփել է Լարիսա Ալավերդյանը:




























