Հասարակության մեջ սխալ տպավորություն է ստեղծվել, թե սոցիոլոգիական հարցումներով Սերժ Սարգսյանին 70% են կանխատեսել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հետադարձ կերպով մեկնաբանելով մինչեւ նախագահական ընտրություններն անցկացրած իր հարցումները։

«Հասարակության մեջ կարծիք է արմատացել, թե իբր սոցիոլոգները Սերժ Սարգսյանին ավելի քան 70% են նկարել, իսկ նա նույնիսկ 60% չի հավաքել։ Այստեղից էլ սկսվում են մեկնաբանությունները։ Պարզաբանեմ. այն ժամանակ մենք տոկոսները ստացել ենք ոչ թե ընտրողների ողջ թվից, այլ ընդամենը՝ կողմնորոշվածների», – պարզաբանեց Ադիբեկյանը։ Նույնը վերաբերում է Րաֆֆի Հովհանիսյանին, ում հաջողվել է իր կողմը գրավել չկողմնորոշված ընտրազանգվածի մեծ մասին։

«Հենց այդ պատճառով էլ նախկինում կողմնորոշվածների մեջ նա հավաքել է 20%, սակայն վերջում՝ 37%»,-ասել է Ադիբեկյանը։ Նման մեթոդիկա՝ տոկոսներ հանել միայն կողմնորոշված ընտրողների թվից, նրա կենտրոնը կիրառում է նաեւ Երեւանի քաղաքային իշխանության ընտրություններից առաջ վերլուծության մեջ։

Ընդ որում, նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները մեծ մասամբ չեն համընկնում նրա կուսակցության ընտրազանգվածին։ «Այդ ձայները նա հավաքել է «Բարգավաճ Հայաստանի», Հայ Ազգային Կոնգրեսի եւ ՀՅԴ-ի՝ ընրություններին չմասնակցելու հաշվին։ Այժմ, երբ նրանք կրկին ներգրավվել են ընտրությունների մեջ, «Ժառանգության» ընտրազանգվածը նախկին տեսքն է ստանում», – վստահեցրել է Ադիբեկյանը։