Վանաձորում գործող «Մհեր-Լիլուս» ընկերությունը տնտեսական վնասներ է կրում հարկային մարմինների գործողությունների հետեւանքով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ընկերությունն արտադրում է լվացող միջոցներ, ունի մոտ 30 աշխատատեղ, ամսական վճարում է մոտ 3 մլն դրամի հարկ: Ընկերությունը 2011 թ. Իրանից սոդիումի հիպոքլորիդ է ներկրել, սակայն բեռնատարը շրջվել է Դիլիջանի մոտ ու հումքը ցնդել է; Սակայն հարկային մարմինները պահանջել են վճարել ցնդած ապրանքի ավելացված արժեքի հարկը եւ դատական գործընթաց են սկսել ընկերության նկատմամբ: Ավելին՝ ընկերության բանկային հաշիվները կալանքի տակ են դրվել, իսկ հարկայինի աշխատողները հարցազրույցներ են ունենում խանութների տերերի հետ, որից հետո նրանք հրաժարվում են «Մհեր-Լիլուսից» ապրանք ընդունել:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ 2009 թ. ընկերությունում ստուգումներ են իրականացվել, սակայն տնօրեն Սահակյանը խոչընդոտել է դրան: Իսկ հետագա ստուգումները բխում են մեկը մյուսից: Սակայն Է. Մարուքյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությւոնը ճիշտ չէ, քանի որ դատարանը տվյալ դեպքում Սահակյանի գործողությունները համարել է իրավաչափ:

«Ո՞ւմ է պետք է ընկերության սնանկացումը, 30 մարդու աշխատանքից զրկումը, բյուջեին ամսական 3մլն դրամ հարկի չվճարումը»,-հռետորական հարց ուղղեց վանաձորցի պատգամավորը: Հարցը մնաց անպատասխան: