Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայի հրամանատարության հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ աջակցություն ցույց տալ Վահրամաբերդ գյուղի երկու երեխաների ընտանիքներին, որոնք օրերս զոհվել էին բազայի տարածքում ականի պայթյունից: Այդ մասին այսօր՝ ապրիլի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:

«ՌԴ 102 ռազմական բազան օգտագործում է ՀՀ համապատասխան հողերը, այլ շինությունները համապատասխան պայմանագրերի համաձայն: Ունի 2 ուսումնական դաշտ, տվյալ դեպքը տեղի ունեցած դաշտն ունի 3 կմ լայնությամբ եւ 9 կմ խորությամբ տարածք, որի համար ՌԴ հրամանատարությունը պայմաններ է ստեղծում՝ զգուշացնելով տեղի բնակչությանը: Բացի դրանից դաշտը շրջափակված է… Ցավալի դեպք է տեղի ունեցել…»,- ասաց Ս. Օհանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ երեխաները փորձել են ալյումինե եւ երկաթե թափոն հավաքել: Ս. Օհանյանը կրկին հիշեցրեց, որ զորավարժություններից հետո այցելել այդ տարածքներ կտրականապես արգելվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկություն էր ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը, նրանք հարեւաններ են: Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարները արածեցնելու, երեխաները նրա հետ եւս գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, երեխաները տեսել են անիվները, գնացել են մոտը խաղացել, հարվածել են, ականները պայթել են: Հայրը պայթյունի ձայնը լսելով վազել է դեպի երեխաները, սակայն նրանք տեղում մահացած էին:

Ի դեպ, երկու ընտանքիներն էլ բազմանդամ են եւ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, տան տղամարդիկ հովիվներ են: 8 երեխա Մկրտչյանների ընտանիքում է, 6-ը` Գեւորգյաննների:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am