Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն, այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Հայաստանի ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմի անդամներին, ովքեր մասնակցել են փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքին եւ զբաղեցրել 1-ին հորիզոնականը:
Սեյրան Օհանյանը կարեւորել է վարժարանի սաների արձանագրած հաջողությունները, ինչպես նաեւ բարձր է գնահատել ռազմաուսումնական հաստատության դերը զինված ուժերում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը զրուցել է թիմի անդամների հետ, ծանոթացել նրանց մարտական պատրաստությանը եւ խոսել սաներին մտահոգող խնդիրների շուրջ: Վարժարանի թիմի բոլոր անդամներին մաղթելով նորանոր հաջողություններ` Սեյրան Օհանյանը 10 սաների պարգեւատրել է պատվոգրերով, իսկ 3 սպաներ ստացել են դրամական խրախուսում:
ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքի ընթացքում վարժարանի սաները հաղթահարել են իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները, որոնք անցել են ձմռան ցրտաշունչ, անտառային բարդ բնակլիմայական պայմաններում: Հակահրդեհային պատրաստության, քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության, օդային տեսադիտման, ռազմական տեղագրության, մարտավարամասնագիտական պատրաստության, միայնակ եւ տուրիստական արգելագոտի, ականապայթունային աշխատանք, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենքերի, կրակային պատրաստության, երաժշտական պարապմունքների, ինչպես նաեւ ստեղծագործական աշխատանքների պայքարում ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ցուցաբերել են ամենաբարձր արդյունքները:



























