2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանի իշխանությունները` նախագահի գլխավորությամբ, ոչ ադեկվատ են գործել, հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առաջատար հեռուստաընկերությունների եւ թերթերի խմբագիրների հետ հանդիպմանը:

Իվանիշվիլին նկատել է, թե օգոստոսյան պատերազմի թեման առ այսօր մշուշոտ է, եւ այդ իրադարձությունների հետաքննություն չի վնասի ոչ Վրաստանի, ոչ նախկին իշխանությունների, ոչ էլ նախագահի հեղինակությանը:

«Անձամբ ես շատ հարցեր ունեմ: Ես նույնպես կարծում եմ, որ այդ իրավիճակում նախագահն ու ժամանակի իշխանությունները ոչ ադեկվատ են պահել իրենց: Անհիմն եմ համարում, որ զորքերը մարտական պատրաստվածության են բերվել եւ սկսել ռազմական գործողությունները, նախքան ռուսների` սահմանն անցնելը»,- ասել է նա:

Իվանիշվիլին նշել է, թե հնարավոր էր խուսափել պատերազմից` հրավիրելով միջազգային դիտորդների, մարդկանց տարհանելով սահմանամերձ գյուղերից եւ այնտեղ զինվորական ստորաաժանումներ մտցնելով: Վրաստանի վարչապետը նշել է, թե հետաքննությունն իրենց քմահաչույքը չէ, դա են պահանջում միջազգային հանրությունը, Հաագայի դատարանը եւ «պարզվում է կա նման հաստատություն` Հռոմի ստատուտը, որի հետ մենք պետք է հաշվի նստենք»: