Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն: Տիգրան Սարգսյանը շրջել է թատրոնում՝ ծանոթացել կատարված տեխնիկական վերազինման աշխատանքներին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեխնիկական վերազինումն իրականացվել է ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերության կողմից` ՀՀ կառավարության աջակցությամբ:
Մասնավորապես, ամբողջովին արդիականացվել է թատրոնի բեմական մեխանիզմը, ներդրվել են ժամանակակից բարձրակարգ լուսային եւ ձայնային թվային կառավարման համակարգեր, ներկայացումների վիզուալիզացիայի ծրագիր, պրոֆեսիոնալ թվային ձայնագրման ստուդիայի սարքավորումներ: Ամբողջովին փոխվել են բեմի եւ նվագախմբի 1090 քմ տախտակամածը, դեկորացիոն շարժաձողերը: Տեղադրվել եւ մոնտաժվել են հիմնական բեմական հարթակի շարժիչները՝ կից փոխանցվող համակարգով:
Ներդրվել են նաեւ պրոֆեսոիանալ բարձրակարգ բարձրախոսեր, ռադիո համակարգ, հեռուսատեսային մոնիտորներ եւ այլ սարքավորումներ:
Լուսային եւ ձայնային ողջ տեխնիկան ներկրվել է Գերմանիայից եւ Ավստրիայից:
Նախատեսվում է, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր գործունեությունը կվերսկսի ապրիլի վերջերից:




























