«Երբ ապրիլի 9-ին կառավարության հրաժարականն էիք ներկայացնում, ձեր դեմքի արտահայտությունը մտահոգ էր»,- «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն նման հայտարարություն արեց այսօր՝ ապրիլի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին: «Մտահո՞գ էիք, որ թողել եք 36% աղքատություն, 1 մլն-ից ավելի մարդիկ աղքա՞տ են, 1000-ավոր երեխաներ քաղցա՞ծ են, 39 % ստվեր կա՞, 35 հազ. դրամ նվազագույն աշխատավա՞րձ են ստանում, մադրիդյան սկզբունքերով համաձա՞յն եք հայրենիքի մի մասը հանձնել թշնամուն, Թուրքիայի հետ համաձայնություն եք կնքել ու պատրաստ եք ցեղասպանության պտուղը ճանաչե՞լ… Մեղքի զգացումով չե՞ք տառապում, արդյոք այդ զգացումը կիսո՞ւմ են ձեր կառավարության մյուս անդամները, թե՝ ոչ»,-Տ. Սարգսյանին հարց ուղղեց Զ. Փոստանջյանը:

Տ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, որ Զ. Փոստանջյանը մշտապես հետաքրքրվում է իր զգացողություններով, բայց հորդորեց զգացողության նրբերանգները պահպանել նաեւ քաղաքական կեցվածքում, որ մեր երկրում  չտարածվի չարություն: «Իհարկե՝ բազմաթիվ բացթողումներ եւ սխալներ եղել են, չի սխալվում այն մարդը, որ ոչինչ չի անում, ավելի մեծ համարձակություն է պահանջվում, որ սեփական մեղքերը տեսնի եւ հետեւություններ անի»,- ասաց Տ. Սարգսյանը: Նա նաեւ չհամաձայնեց Զ. Փոստանջյանի գնահատականների հետ, ասելով, որ կառավարությունն ամեն ինչ արել է տնտեսական եւ սոցիալական վիճակը բարելավելու համար: