Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանում փակուղի են մտցրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, մամուլի ասուլիսում նշեց փորձագետ Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով՝ խնդիրները ծագում են նրանից, որ մենք չենք գիտակցում արձանագրությունների առումով տեղի ունեցող գործընթացների ողջ լրջությունը, չենք նկատում, որ հաղթաթուղթը մեր ձեռքում չէ: «Սխալ թույլ տալով, մենք կարող էինք վերանայել արձանագրությունների շուրջ քաղաքականությունը՝ գիտակցելով, որ Թուրքիային ավելի ազդեցիկ դեր է բաժին հասել՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում»,-նշեց նա, միաժամանակ ավելացնելով, որ ուշ չէ շտկել սխալները եւ Հայաստանի նորընտիր նախագահն ու կառավարությունը պետք է բարձրացնի այդ հարցը:

«Ցավոք, Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունները այդ արձանագրությունների մասով առիթ են տալիս կարծելու, որ մենք դեռ չենք գիտակցել, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, իսկ մենք խաղից դուրս ենք»,-ասաց Ալվրցյանը:

Ինչ վերաբերում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, այդ առումով երկար ժամանակ պետք չէ դրական դինամիկա սպասել, իսկ ստատուս քվոն կպահպանվի: