Հայ ազգային կոնգրեսն իր բուն քարոզարշավը կսկսի ապրիլի 13-ին կայանալիք ՀԱԿ հիմնադիր համագումարից հետո, ավելի կոնկրետ` ապրիլի 15-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ այժմ զուգահեռ երկու աշխատանք են անում, համագումարի պատրաստություններ, կանոնադրության քննարկում, ինչպես նաեւ տեղերում փոքրիկ ժողովներ:
Քարոզարշավի առաջին 4 օրերին ՀԱԿ-ը զբաղվել է ամփոփիչ կազմակերպչական հարցերով, ավագանու ընտրություններին ներկայացված ծրագրի յուրաքանչյուր բաժնի պատասխանատվությունը դրվել է ամեն մի խմբի վրա, որպեսզի ավելի պատրաստված լինեն եւ կարողանան սպառիչ պատասխանել հարցերին:
Ինչպես բոլոր ընտրություններին, այս ընտրություններին եւս, ՀԱԿ-ը բախվում է շտաբների համար տարածքներ գտնելու խնդրին: Վահագն Խաչատրյանը նշեց, որ սեփականատերերը վախեցած են, տարածքներ չեն տրամադրում, բայց իրենք փորձում են այդ տրամաբանության մեջ իրենց աշխատանքները կազմակերպել: «Դա ընդհանուր քաղաքական մթնոլորտի մասին է խոսում: Եթե քաղաքական պայքարի մեջ ենք մտնում, պետք է վարժվենք այդ ամենին, բողոքելով առաջ չենք գնա, ամեն ինչ անում ենք օրինական դաշտում»,- ասաց նա` շեշտելով, որ ոչ տրամաբանական վիճակի մեջ են հայտնել մարդիկ, ովքեր չեն օգտագործում իրենց տարածքները, կարող են մեկ-երկու ամսվա ընթացքում վարձակալությամբ տալ, եկամուտներ ստանալ, իրենք էլ պատրաստ ենք վճարել, բայց քանի որ կա վախ, իշխանությունները տեղական իշխանությունների միջոցով մարդկանց զգուշացնում է, ուստի նրանք հրաժարվում են իրենց եկամուտ ստանալու հնարավորությունից:
ՀԱԿ-ը պատրաստվում է Երեւանի տարբեր վարչական շրջաններում քարոզարշավը տարբեր ձեւերով անցկացնել, «ամեն տեղ յուրահատուկ է լինելու` հաշվի առնելով նաեւ ամեն համայնքի յուրահատկությունները, այդտեղ ստեղծված իրավիճակը»: «Տեղեր կլինեն, որ կլինեն միջհամայնքային միջոցառումներ, տեղեր կլինեն, որ կլինեն բակային հանդիպումներ, տեղեր կլինեն, որտեղ դռնեդուռ երեւանցուն կհասցվի մեր նյութերը»,- ասաց Վահագն Խաչատրյանը` կարեւորելով լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով հանդես գալը:



























