Ռուսաստանի Վլադիմիրի մարզում զոհված ՀՀ քաղաքացիների դիակների տեղափոխումը Հայաստան կիրականացվի ապրիլի 11-ին:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Աննա Բասովան, զոհերի հարազատները ճանաչման գործընթացից հետո վերցրել են մարմինները, եւ հինգշաբթի կկազմակերպվի առաքումը:

Նշենք, որ վթարի ենթարկված «ԳԱԶել»-ի ուղեւորները եղել են Ալեքսանդր Շուստրովը (1967թ.), Զուրաբ Աբագյանը (1981թ.), Սասունիկ Սարգսյանը (1963թ.), Վարդան Վարդանյանը (1980թ.), Արտյոմ Խաչատրյանը (1987թ.), Արթուր Խաչատրյանը (1988թ.): Mitsubishi-ի վարորդը Անդրեյ Լեգոմինն է (1982թ.), իսկ ուղեւորի ինքնությունը դեռ անհայտ է:

Պետուշինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 50-ամյա Արմեն Վարդանյանը, ով հրաշքով փրկվել էր, հարվածի ժամանակ նա դուրս էր թռել մեքենայից:

Life News-ի փոխանցմամբ, Վլադիմիրի մարզ ժամանած զոհերի հարազատները ճանաչել են իրենց հարազատներին իրերից եւ ատամների միջոցով, իսկ մյուսների ինքնությունը պարզվել է այրված «ԳԱԶել»-ում գտնված փաստաթղթերով: Զոհերի հարազատները դիահերձարան են ժամանել հոգեբանների եւ ոստիկանների ուղեկցությամբ:

Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել Բոլդինո գյուղի մոտ, ապրիլի 9-ի գիշերը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ միկրոավտոբուսը 7 մարդ էր տեղափոխում «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Իվանովո քաղաք: Կեսգիշերին մոտ բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր «ԳԱԶել»-ին: Ուղեւորները արգելափակված էին մնացել մեքենայում եւ ողջ-ողջ այրվել: Հայաստանի քաղաքացիները մոսկվա էին ժամանել Գյումրիից եւ ուղեւորվում էին Իվանովո` շինարարության վրա աշխատելու, իսկ հիվանդանոցում գտնվող Արմեն Վարդանյանը նրանց բրիգադիրն էր: Նա ներկայումս գիտակցության է եկել, վիճակը կայուն է: