Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դեմ մեղադրանք է ներկայացվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ինքը՝ Անդրիաս Ղուկասյանը, հայտարարելով, որ 3 ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում:
Նրա խոսքով` ինքը մտադիր չէ վճարել վարչական տուգանքը, քանի որ այն համարում է անհիմն: «Ցույցի մասնակիցների կողմից Բաղրամյան պողոտան 15 րոպեի ընթացքում լքելու վերաբերյալ պահանջն անօրինական է: Ես չեմ ստորագրել ոստիկանի կողմից կազմված արձանագրությունը: Հայաստանի Սահմանադրության երրորդ կետի համաձայն` ես` գտնվելով Բաղրամյան պողոտայում, արել եմ ամեն ինչ` երթի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ ընդհարումներից խուսափելու համար»,-ասել է նա:
Ղուկասյանը նաեւ նշել է, որ այդ պահին արել է ամեն բան, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից պահպանվեն քաղաքացու իրավունքները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ ապրիլի 9-ի երեկոյան ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունք բերման է ենթարկվել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:




























