Ապրիլի 2-13-ը Հայաստանի ԱԻՆ-ում անցկացվում են Ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ «911» ծառայության անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնք վարում են շվեյցարացի փորձագետներ Բարբարա Ռոթենբերգերը եւ Պատրիկ Սմիթը:

Դեռեւս 2012 թ. նոյեմբերին «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձաքննություն» աղետների ռիսկի նվազեցման նախագծի ղեկավար հանձնախմբի 2-րդ նիստի ընթացքում որոշվել էր կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:

Ծրագրի նպատակն է ԱՌՆ բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումը` Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցով:

Ծրագրի փորձագետ Բարբարա Ռոթենբերգերը շուրջ 12 տարի աշխատում է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում եւ ունի տարբեր երկրներում նման աշխատանքի մեծ փորձ: Փորձագետն աջակցում է Հայաստանում Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետագա աշխատանքների բարելավման ու արդյունավետ կազմակերպման, դրա տեխնիկական զինվածության եւ ծրագրային լուծումների, Հայաստանում ճգնաժամային կառավարման մարզային կենտրոնների ցանց ստեղծելու գործում:

Այս ընթացքում վերանայվել են ՃԿԿ-ի կառուցվածքը, անձնակազմը, աշխատանքային պարտականությունները, ինչպես նաեւ գնահատվել են կարիքները: Որպես վերջնական արդյունք` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ՃԿԿ եւ շվեյցարացի մասնագետների հետ համատեղ մշակվել է ՃԿԿ եւ «911» ծառայության անձնակազմի վերապատրաստման ծրագիր:

Մշակվել է 4 մոդուլ, որոնցից երկուսը վերաբերում են «911» ծառայությանը, մյուս երկուսը` ՃԿԿ-ին: Երկու մոդուլ նախատեսված է որոշում կայացնողների համար, իսկ մյուս երկուսը` շարքային անձնակազմի: Մոդուլները ծավալուն են ու մշակված նոր ընդունված անձնակազմի համար:

Իր խոսքում շվեյցարացի փորձագետ Պատրիկ Սմիթը մասնավորապես նշեց. «Դասընթացների մասնակիցները շատ պատրաստված էին եւ փորձառու: Մեր հիմանական խնդիրներն էին ՃԿՊԱ եւ ՃԿԿ մոտեցումն ու համաձայնեցված աշխատանքը: Կատարված աշխատանքը համարում եմ հիանալի: Այն արվեց լավագույն որակով»:

Ներկայումս մշակվում են մոդուլներ արդեն իսկ աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների համար` գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով։ Անցած շաբաթվա ընթացքում անցկացվել են լրամշակված ծրագրով փորձնական դասընթացներ, որոնց արդյունքներով կկազմվեն հետագա դասընթացների ծրագրերը:

Այսպիսով` ավարտին է մոտենում ՃԿԿ-ի հզորացման ծրագրի առաջին փուլը: Ամփոփելով արդյունքները` նախանշվեցին երկրորդ փուլի անելիքները։ Այն կսկսվի հուլիսի վերջին եւ կշարունակվի մինչեւ 2014 թվականի ավարտը: