Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը աներ նույնը, ինչ «Ժառանգությունը», այսինքն` դուրս գար փողոց, բանը կավարտվեր արյունահեղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը: Նշենք, որ Օսկանյանը զբաղեցնում է առաջին համարը Երեւանի ավագանու ընտրությունների ԲՀԿ համամասնական ընտրացուցակում:
«Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի փոքր կուսակցությամբ մասնակցեց եւ զգալի թվով ձայներ ստացավ: պատկերացրեք, եթե «Բարգավաճ Հայաստանը», լինելով ավելի խոշոր ուժ, նյութական եւ կազմակերպչական հնարավորություններով, մասնակցեր (նախագահական ընտրություններին-խմբ.): Հավատացեք, մրցակցությունն ավելի սուր կլիներ, մենք ավելի շատ ձայն կհավաքեինք, բայց նրանք (իշխանությունը-խմբ.) կրկին կնկարեին թիվը, եւ մենք ստիպված կլինեինք փողոց դուրս գալ»,- նշել է Օսկանյանը:
Նրա խոսքով, նման գործողություններն անխուսափելիորեն կհանգեցներ արյունահեղության: Հենց ելնելով այլ մռայլ կանխատեսումից` ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանը որոշեց երկիրը ցնցումների չտանել: «Կարծում եմ` այդ որոշումը բխում էր ժողովրդի շահերից»,- ասել է Օսկանյանը: Ընդ որում, նա նկատել է, թե ինքն ու իր որոշ ընկերներ չեն կիսում այդ մոտեցումը. «Չի կարելի մարդկանց ահաբեկել արյունահեղությամբ: Մինչեւ ե՞րբ»:




























