Մինչեւ ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւոր դեր էր խաղում նախագահական ընտրությունների վիճարկման գործընթացում, բայց այսօրվանից երկրի բոլոր քաղաքացիների համար ստեղծված են հավասար պայմաններ եւ պայքարը շարունակելու համար անհրաժեշտ է միավորել բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը եւ այդ դեպքում բոլորը պետք է հավասար լինեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
«Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն ունի կես մլն ընտրողների ձայները եւ կարող է գլխավորել նրանց, սակայն, ինձ թվում է, որ պետք է լինի կոլեգիալ պայքար, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը»,-ասաց նա:
Հարցին, թե դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի չէ՞ միայնակ գլխավորել պայքարը, Ղուկասյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, այո: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ընդդիմության երթը վատ էր կազմակերպված, չկային անհրաժեշտ թվով հրահանգիչներ, ովքեր կուղղորդեին ակցիայի մասնակիցներին: Մեծ հաշվով, երթն ինքնաբուխ էր եւ հաշվի առնելով կազմակերպված չլինելը, երթի մասնակիցների մի մասն ուղղակի չի լսել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը՝ իր հետ գնալ Ծիծեռնակաբերդ, մի մասն էլ լսել է, բայց չի գնացել, քանի որ նման որոշումն անընդունելի էր նրանց համար, նրանք ցանկանում էին իրենց բողոքը հայտնել Բաղրամյան-26-ի դիմաց»,-նշեց Անդրիաս Ղուկասյանը:
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում խոսակցությունները, որ ինքը փորձել է իր վրա վերցնել Բաղրամյան պողոտայում հավաքվածների առաջնորդությունը, Ղուկասյանն արձագանքեց, որ քանի որ հանրահավաքի պատասխանատուներն այդտեղ չէին կամ չէին համակարգում հավաքվածներին, ինքն իր վրա է վերցրել համակարգման պատասխանատվությունը՝ կոչ անելով ուժ չկիրառել ոստիկանների նկատմամբ:
«Դա անհրաժեշտ էր՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից խուսափելու համար: Պետք էր կառավարել իրավիճակը, հակառակ դեպքում բախումները կարող էին մասշտաբային լինել»,-ասաց նա, հավելելով, որ իր այնտեղ գտնվելու ժամանակ բախումներ չեն եղել:
«Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ էր եւ յուրաքանչյուրը կարող էր իր վրա վերցնել պատասխանատվությունը, այդ թվում Ստեփան Սաֆարյանը եւ թույլ չտալ որ դա անի մեկ ուրիշը: Զարուհի Փոստանջյանը նույնպես իր վրա պատասխանատվություն վերցրեց եւ փորձում էր վերահսկել վիճակը: Իհարկե, երբ նման դեպքեր են տեղի ունենում, պատասխանատվություն վերցնել ցանկացողները շատ քիչ են, իսկ երբ ամեն բան ավարտվում է, գնահատական տալը հեշտ է: Եթե Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ես սխալ եմ գործել, պետք է նաեւ բացատրի, թե ինչը ճիշտ կլիներ նման վիճակում: Իմ որոշումը ճիշտ էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը երեկ Բաղրամյան պողոտայում հայտարարել էր, որ ով ցանկանում է, կարող է Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից գնալ Ծիծեռնակաբերդ, իսկ ով ուզում է մնալ Բաղրամյան պողոտայում, ապա իրենք այդտեղ նստացույց են հայտարարում: Դրանից հետո նրան բերման ին ենթարկել ոստիկանության բաժին:



























