Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն, այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին եւ ռազմաբազային նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռազինսկիին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը իր խոսքում նշել է, որ ռազմաբազան վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ է ունեցել մարտական պատրաստության գործում: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նախկին հրամանատար Օլեգ Սմիրյոնովին համակողմանի արդյունավետ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ նորանշանակ հրամանատարի հետ եւս կշարունակվի սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում մի շարք թեմաների քննարկումից զատ Սեյրան Օհանյանը բարձրացրել է հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդիրը եւ պատրաստակամություն է հայտնել` աջակցել այդ գործում. ՙԽիստ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած հրաձգարանում ապահովվեն անվտանգության բոլոր պահանջները՚,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Նախարարի պաշտոնակատարին ռուս գնդապետները հայտնել են, որ վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Ռուսաստանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, դրան զուգահեռ այս պահին աշխատանքներ են տարվում զորավարժարանների տարածքների անվտանգության բարձրացման համար: Ս.Օհանյանը կարեւորել է նաեւ ռազմակայանի հրամանատարության համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ռուս գնդապետները հայտնել են նաեւ, որ 102-րդ բազայի հրամանատարությունը իր կողմից աջակցություն կցուցաբերի զոհված երեխաների ընտանիքներին: